Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, այսօր` փետրվարի 4-ին, ընդունել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ Ֆրանկ Հարթվինքին եւ Մարիա Կլոսսին, որոնք Հայաստանում են գյուղմթերքների վերամշակման տարբեր արժեքային շղթաների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մշակման նպատակով տեղում առկա իրավիճակին ծանոթանալու համար:
Ողջունելով հյուրերին, նախարարը խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել ՄԱԱԶԿ-ի ղեկավարությանը, կազմակերպության արդյունաբերական զարգացման ծրագրերում ընդգրկվելու Հայաստանի առաջարկին արձագանքելու համար եւ խոստացել է ըստ ամենայնի օժանդակել ծրագրի մշակմանն ու իրականացմանն անհրաժեշտ բոլոր աշխատանքներին ու փուլերին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ֆրանկ Հարթվինքը ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառի քաղաքականության եւ ռազմավարության մշակմանը մասնակից պետական մարմինների, մրգի վերամշակման մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչների եւ անհատ ձեռներեցների հետ իրենց հանդիպումների, ինչպես նաեւ ՄԱԱԶԿ-ի երեւանյան գրասենյակում նշված ծրագրի իրականացման բաժնի ձեւավորման ընթացքը:
Երկուստեք նպատակահարմար է համարվել «Աջակցություն մրգի վերամշակման արժեշղթայի զարգացման ծրագրի» իրականացմանն ընդգրկել առաջին հերթին հեռավոր եւ ծայրամասային համայնքների, հիմնականում Սյունիքի եւ Լոռիի մարզերի երիտասարդությանը, կանանց եւ խոցելի համայնքներին:
Ծրագրի իրականացմամբ կհաստատվեն կայուն գործարար հարաբերություններ արտադրողների եւ վերամշակողների, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին շուկաներում գործող վերամշակողների եւ գնորդների միջեւ:




























