«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չի պատրաստվում հետեւել կուսակից գործընկեր Խաչատուր Քոքոբելյանի օրինակին, դիմում գրել ու դուրս գալ «Ժառանգություն» խմբակցությունից, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը իր դեպքում նման հնարավորություն չի տալիս:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ չի կարող նման դիմում գրել, քանի որ Խաչատուր Քոքոբելյանին «ԱԺ կանոնակարգ» օրենքն այդ հնարավորությունն ընձեռում է,  իսկ իրեն` ոչ:

Ալեքսանդր Արզումանյանը պարզաբանեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը արգելում է որեւէ խմբակցության անդամի դուրս գալ խմբակցությունից, միայն ընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող հնարավորություն ունեն դուրս գալ խմբակցությունից:

Հարցին, թե Դուք հետեւելո՞ւ եք «ԱԺ Կանոնակարգ» օրենքի պահանջին, նա պատասխանեց. «Ես ցանկացած օրենքի պահանջի եմ հետեւել ողջ կյանքիս ընթացքում»:

Մեր հարցին, թե եթե հնարավորություն ունենայիք, դիմում կգրեիք, նա պատասխանեց, որ եթե հնարավորություն ունենար, Չինաստանի Կոմկուսի առաջին քարտուղարն էլ կլիներ: «Բայց ինչի՞ պետք է վայր դնեմ: Դա ո՞ւմ մանդատն է, իմ մանդատն է, երբ կուզեմ, ինչ կուզեմ, կանեմ: Որեւէ մեկից պարտքով չեմ վերցրել»,- ասաց նա:

Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության կազմից: Այդ մասին, այսօր` փետրվարի 4-ին, ԱԺ նիստում հայտարարել է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խաչատուր Քոքոբելյանը ասյպիսով, դարձել է անկախ պատգամավոր:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցել են միացյալ ընտրացուցակով, որը գլխավորում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Ցանկում նրան հաջորդում էին Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը (ԱԴ) եւ Ռուբեն Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել էր իր մանդատից` հայտարարելով, թե Քոքոբելյանի հետ պայմանավորվածություն ունի, թե «տեղերը պետք է զիջել երիտասարդներին»: Քոքոբելյանը, սակայն հերքել էր Հովհաննիսյանի հայտարարությունը` նշելով, որ նման պայմանավորվածություն գոյություն չունի: Արդյունքում երկու կուսակցությունների միջեւ պառակտում եղավ:

Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցությունում մնում են 4 պատգամավոր, որոնցից մեկը նույնպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ է՝ Ալեքսանդր Արզումանյանը: Սակայն եթե նա եւս դիմում գրի խմբակցությունից դուրս գալու մասին, ապա պետք է վայր դնի մանդատը, քանի որ նախընտրական ցուցակում առաջին եռյակում չի եղել: