Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում, փետրվարի 8-ին հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի 20-ից ավել կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի 18 ամյա պատմությունը, կարեւորել սփյուռքահայության դերը հայկական բանակի կայացման գործում, անդրադարձել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների սկզբունքներին: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաեւ ֆրանսահայության ներկայացուցիչներին հուզող հարցերին, զրուցել բանակաշինության ոլորտում սփյուռքահայության դերն ընդլայնելու հեռանկարների շուրջ:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը փետրվարի 8-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Է. Մողինի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Փարիզ: Այցի ընթացքում Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձաժողովի նախագահի, Ֆրանսիայի նախագահի ռազմական գրասենյակի ղեկավարի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի տնօրենի եւ փորձագետների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը կայցելի նաեւ Ֆրանսիայի ռազմաուսումնական հաստատություններ, զինված ուժերի ստորաբաժանումներ:

Փարիզում նախատեսված է համագործակցության փաստաթղթի ստորագրում: