Փետրվարի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Երեւանում գործող «Կիլիկյան» դպրոց:
Նախարարը, արդեն ավանդական դարձած այցելության ընթացքում հանդիպել է դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ, տեղեկացել, որ ժամանակի ընթացքում բնականոն հունի մեջ են ընկել դասապրոցեսը, դպրոցական առօրյան: Նախարար Հ. Հակոբյանը զրուցել է նաեւ երեխաների ընտանիքներին վերաբերող հիմնախնդիրների շուրջ՝ տեղեկանալով նրանց հուզող հարցերին:
«Կիլիկյան» դպրոցը ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի ջանքերով, «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպության աջակցությամբ: Դպրոցը գործում է հոկտեմբերի սկզբից Երեւանի Նար -Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում:
Ներկայումս «Կիլիկյան» դպրոցում սիրիական կրթական ծրագրով, արաբերենով կրթություն ստանալու ցանկություն են հայտնել Հայաստանում գտնվող սիրիահայերից շուրջ 300-ը:
Հանդիպման ընթացքում նախարար Հ. Հակոբյանը 6-րդ դասարանցի Գարի Պապօղլյանին փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որում հանրապետության նախագահը շնորհակալություն էր հայտնում պատանուն Ամանորի յուրօրինակ նվերի՝ «Վերադարձ» կոչվող նկարի համար:
Նախարարը հայտարարել է նաեւ Սփյուռքի նախարարության` «Հայրենիք քեզ այսպիսին եմ տեսնում» ստեղծագործությունների մրցույթի մասին, որի արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Հանդիպման ավարտին աշակերտներն ասմունքել ու երգել են՝ ներկայացնելով Հայաստանում գտնվելու ընթացքում սովորածը: Նախարար Հակոբյանը հավաստիացրեց երեխաներին, որ նրանց ուսման առաջադիմությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է լինելու. «Ձեր հերոսությունը ձեր բարձր առաջադիմությունը պետք է լինի, դուք պետք է շատ լավ սովորեք, դառնաք գրագետ, մրցունակ, խելացի մարդիկ»:




























