Հանցավորությունն արմատախիլ անելու համար իրավապահ մարմինների աշխատանքը քիչ է, անհրաժեշտ է հասարակության աջակցությունը: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` կրակոցների դեպքեր լինում են բոլոր երկրներում եւ չկա որեւէ երկիր, որտեղ հաջողվել է ամբողջությամբ արմատախիլ անել հանցավորությունը: Սերժ Սարգսյանը բերել է ԱՄՆ-ի օրինակը, որտեղ զենքի կիրառման հետ կապված իրավիճակն ավելի վատ է: Ռուսաստանում եւ Եվրոպայում իրավիճակը նույնպես հեռու է իդեալական լինելուց, նշել է Սերժ Սարգսյանը:

Միաժամանակ, նախագահի թեկնածուն ընդգծել է, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները` հանցավորության մակարդակը նվազագույնի հասցնելու համար: «Երեւան այցելող զբոսաշրջիկների կարծիքով` մեր մայրաքաղաքը հանգիստ է եւ տրամադրող: Աշխարհում քիչ են խոշոր քաղաքները, որտեղ կանայք եւ երեխաները կարող են գիշերն անվտանգ շրջել փողոցում եւ սրճարան այցելել»,-նկատել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am