Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի ֆերմերները փետրվարի  5-ին, ԵՄ-ի կողմից տրվող շատ ցածր սուբսիդիաների դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել` վառելով հարդի դեզերից պատրաստված խարույկների շղթան:

Խարույկները տեղադրվել են Via Baltica մայրուղու մոտ ( E67 ուղեգիծ, որն անցնում է մերձբալթիկյան հանրապետություններով), ինչպես նաեւ Տալինի Ռատուշյան հրապարակում, Ռիգայի Դոմսկյան հրապարակում եւ Լատվիայի ու Էստոնիաի սահմանում: Շատերն այրել են ճանապարհին մոտ գտնվող իրենց դաշտերի հարդը եւ պահանջներից բաղկացած պաստառներ են բարձրացրել: Ցույցի մասնակիցները հույս ունեն, որ երթն ուշադրություն կգրավի, հայտնում է ERR-ը:

Ցույցն անցկացվել է ԵՄ Խորհրդի նիստի նախօրյակին, որտեղ պետք է լուծվի գյուղատնտեսություններին տրվող դոտացիաների հարցը: Այն անվանվել է «Բալթիական ուղի»`  1989 թվականի մանիֆեստի նման, որի ընթացքում Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի բնակիչներից մոտ երկու մլն մարդ միանալով` հանրապետությունները կապել են «կենդանի շղթայով»:

Ֆերմերները դժգոհ են, քանի որ Բալթիկայի երկրների գյուղատնտեսություններին ԵՄ-ի կողմից հատկացվող դոտացիաները զգալիորեն ցածր են Եվրամիության այլ երկրներին հատկացվածներից: Բալթիակայի ֆերմերները իրենց պահանջները բավարարելու համար մտադիր են բողոքի ցույց կազմակերպել նաեւ Բրյուսելում, որտեղ մոտ օրերս կանցկացվի ԵՄ Խորհրդի նիստը: