Ամերիկյան Խաղաղության հիմնադրամն ու «Foreign Policy» ամսագիրը ներկայացրել են Failed states index-ը կամ ձախողված պետությունների վարկանիշային աղյուսակը, համաձայն որի` Հայաստանը զբաղեցնում 101-րդ տեղը 177 երկրների ցանկում:
Ըստ ամերիկյան փորձագետների Հայաստանը հայտնվել է վտանգված եւ կայուն պետությունների միջեւ, ընդ որում, տարածաշրջանում ամենաբարձր միավորներ ստացած պետությունն է: Ադրբեջանը հայտնվել է ամենավտանգված պետությունների ցանկում եւ զբաղեցրել 56-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանն ավելի ցածր հորիզոնականում է` 33-րդ տեղ: Թուրքիան 85-րդ հորիզոնականում է, Իրանը` 38: Վտանգված պետությունների ցանկում են նաեւ Ռուսաստանը (71), Բելառուսը` (66) եւ Մոլդովան` (54): Նախկին ԽՍՀՄ պետություններից համեմատաբար լավ վիճակում է Ուկրաինան` իր 110-րդ հորիզոնականով, իսկ Ղազախստանը 105-րդ տեղում է: կայուն պետությունների ցանկում են հայտնվել Նորվեգիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Դանիան, իսկ ցանկում ամենավտանգավոր հորիզոնականները զբաղեցրել են Սոմալին, Զիմբաբվեն, Սուդանը: Վատ են նաեւ Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի եւ Հյուսիսային Կորեայի գործերը:
Նշենք, որ Ձախողված պետությունների վարկանիշային աղյուսակը կազմվում է ամեն տարի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական 12 չափորոշիչների հիման վրա:



























