Ավտովթարի արդյունքում զոհված 17-ամյա ավստրալացի Բոբբի Վուրլիսի հարազատները երիտասարդի մահվան մասին տեղեկացել են Facebook սոցիալական ցանցից, փետրվարի 8-ին գրել է ավստրալական «The Daily Telegraph» թերթը:

Փետրվարի 7-ին Բոբբի Վուրլիսի քույրերը նշում էին իրենց ծննդյան օրը: Նրանք բացել են facebook-ը՝ ակնկալելով շնորհավորանքներ ստանալ ընկերներից, սակայն դրա փոխարեն ցավակցություններ են տեսել եղբոր եւ նրա ընկերների մահվան մասին: Աղջիկները փորձել են զանգել եղբորը, սակայն՝ ապարդյուն: Նրանք այդ մասին հաղորդել են մորը, որն էլ զանգահարել է ոստիկանություն:

Պարզվել է, որ մեքենան, որում գտնվում էին հինգ դեռահասներ, այդ թվում՝ Բոբբի Վուրլիսը, վթարի է ենթարկվել նախօրեին գիշերը: Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան:

Երեք մարդ, այդ թվում Վուրլիսը, Նեյլորն ու նրանց 15-ամյա ընկերուհին զոհվել են, երկու հոգուն տեղափոխել են հիվանդանոց: