Հայաստանն արտաքին քաղաքականության համար պետք է ընդունի համընդգրկուն ազգային-պետական հայեցակարգ: Այդ մասին փետրվարի 6-ին ասել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը:
Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը պետք է լինի տարածաշրջանային քաղաքական, տնտեսական զարգացումների եւ ծրագրերի գործուն մասնակիցը: Եվրոպական կառույցների հետ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխգործակցության, փոխվստահության եւ երկկողմ աջակցության հիման վրա: ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Մերձավոր Արեւելքի հարեւան պետությունների հետ հարաբերություններում պետք է խորացնել փոխշահավետ հարաբերությունները:
«Պահպանելով Ռուսաստանի հետ համագործակցությունը` անհրաժեշտ է վերակառուցել դրանք` փոխադարձ շահերի հարգման հիման վրա: Այդ համատեքստում անթույլատրելի է ռազմավարական նշանակության տնտեսական ոլորտների վաճառքը Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում»,- նկատել է Հովհաննիսյանը:
Հարեւան Վրաստանի հետ հարաբերություններում` նախագահի թեկնածուն նկատել է գործընկերության կայուն զարգացման կարեւորությունը,Ջավախքում ազգային-քաղաքացիական հարցերի լուծման եղանակով:
Հովհաննիսյանի խոսքով, հարկավոր է միջազգային հանրության հետ լուծել տարածաշրջանային անվտանգության հարցերը` բացելով միջազգային հաղորդակցության ուղիները:





























