Ադրբեջանը թույլ է տվել օգտագործել իր օդանավակայանները եւ օդային տարածքը` ամերիկյան ԿՀՎ-ի հատուկ գործողությունների շրջանակներում իրականացվող թռիչքների համար: Այս մասին ասվում է ամերիկյան «Բաց հասարակության ինստիտուտի» զեկույցում:

Զեկույցի համաձայն` 54 երկրներ, այդ թվում Ադրբեջանը, գաղտնի կերպով համագործակցել են ԿՀՎ-ի հետ, այդ թվում ահաբեկչության մեջ կասկածվողներին ձերբակալելու եւ ամերիկյան կողմին հանձնելու հարցում:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում կալանավորվել է մի մարդ, ով հետո գաղտնի փոխանցվել է ԿՀՎ-ին:

ԿՀՎ-ի հետ առնչություն ունեցող օդանավը 2001-2005 թվականներին 76 անգամ վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում:  Նշվում է նաեւ, որ 2002 թվականին Ադրբեջանի իշխանությունները կալանավորել են Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ահմեդ Մուհամեդ ալ-Դարբիին եւ նույն տարվա օգոստոսին հանձնել նրան ԱՄՆ-ին: Նրան տեղափոխել են Աֆղանստան, ապա Գունատանամոյի բանտ, որտեղ նա կրում է իր պատիժը:

Ամերիկյան ԿՀՎ-ի հետ համագործակցած երկրների շարքում են նաեւ Թուրքիան, Վրաստանը, Իրանը: Նախկին ԽՍՀՄ երկրներից ԿՀՎ-ի հետ համագործակցել են նաեւ Լիտվան եւ Ուզբեկստանը: