Ընդամենը մի քանի ամիս առաջ ժողովուրդը գտնվում էր հիասթափված վիճակում, շատերը հրաժարվեցին պայքարից՝ ժողովրդին հարված հասցնելով։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին Կառավարության նիստերի շենքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ընտրողների հանդիպման ժամանակ։
«Բայց հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է նվիրյալ զավակներ, որոնք պայքարում են նրա իրավունքների համար։ Հայ ժողովուրդը տեսավ թեկնածուին, ով պատրաստ է հաղթական պայքար մղել նոր Հայաստանի կերտման համար։ Այդ թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։
Նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն իր խոսքում նկատեց. «Այսօր ստվար, ուս-ուսի տված կանգնել ենք, որ իրար թիկունք զգանք, իրար ուժ զգանք, որ մենք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ հաղթելու ենք: Հաղթելու ենք մեր միջի ստրուկին, մենք պաշտպանելու ենք մեր ձայները, որովհետեւ մենք ուժեղ ենք, մենք ազնիվ ենք»։
«Մենք եկել ենք ասելու, որ հայ ժողովրդի առջեւ խաղ չկա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նշենք, որ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրողների հետ մեծ հավաք է գումարել՝ ներկայացնելու իր ծրագրի դրույթները։
Իսկ հանդիպումից հետո կայանալու է համերգ՝ անվանի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի կատարմամբ։





























