«Ռուսական Բրեյվիկ» Դմիտրի Վինոգրադովը, ով 2012-ի նոյեմբերին Մոսկվայում հրաձգություն էր իրականացրել դեղագործական «Ռիգլա» ընկերության գրասենյակում, անհիմն է համարել իր եւ նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի միջեւ զուգահեռներ տանելը: Բաբուշկինյան դատարանում լսումների ժամանակ, երբ նրա կալանքի ժամկետը երկարաձգել են մինչեւ ապրիլի 6-ը, նա հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ ընդունում է իր մեղքը եւ վստահ չէ իր մեղսունակ լինելու մեջ:

29-ամյա Վինոգրադովը, ով Բրեյվիկի նման մանիֆեստ է ունեցել, որտեղ «ահաբեկչական գործունեության կոչեր» են եղել, ասել է, որ իրեն չի համարում Բրեյվիկի հետեւորդը: «Մեր մոտիվները տարբեր են»,-ասել է Վինոգրադովը, չբացատրելով, թե որն է եղել իր քայլի մոտիվը:

Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերի 7-ի առավոտյան Վինոգրադովը սոցցանցում հրապարակել է չարաբաստիկ «մանիֆեստ» եւ ուղեւորվել աշխատանքի:  Աստիճանների վրա նա կրակել է մի երիտասարդի, իսկ հետո` գործընկերներին: Նա պատրաստվել է ինքնասպան լինել, սակայն պահակներին հաջողվել է բռնել հանցագործին:  

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ այդ հանցագործությունից առաջ նա մի քանի օր խմել է եւ հարձակման պահին կարող էր ալկոհոլի ազդեցության տակ լինել: Սակայն քննության վերջին արդյունքները հերքել են այդ տեղեկությունը: