ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառել, որոնք այս անգամ ուղղված են նավթի վաճառքից այդ երկրի եկամուտների նվազմանը: Զուգահեռաբար պատժամիջոցներ են կիրառվել իրանական պետական հեռուստաընկերության դեմ:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, նոր պատժամիջոցները կրճատում են այն երկրների ցանկը, որոնք, չխախտելով ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմը, կարող են նավթ գնել Իրանից:

Պատժամիջոցները նաեւ բարդացնում են Թեհրանի` արտերկրում նավթի վաճառքից ստացվող եկամուտներն ստանալը: ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «քանի դեռ Իրանը չի արձագանքում միջազգային հանրության մտահոգություններին` իր միջուկային ծրագրի հետ կապված, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի եւ կմեծացնի տնտեսական ճնշումն Իրանի ռեժիմի նկատմամբ», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բացի այդ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Իրանի IRIB պետական հեռուստաընկերության նկատմամբ: Էզաթոլլա Զարգամիի գլխավորած ընկերությունը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, զբաղվում է գրաքննությամբ եւ քաղբանտարկյալներից ճնշումներով կորզված խոստովանությունների հեռարձակմամբ: