Թուրքիայում GENAR վերլուծական ընկերությունը հուլիսի 5-11-ը անցկացրել է սոցոլոգիական հարցումներ՝ Թուրքիայում տեղի ունեցող տարբեր երեւույթների հետ կապված: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sonsayfa» կայքէջը:
Ըստ հարցումների, եթե ընտրությունները այդ օրը լինեին, քաղաքացիները որ կուսակցության ձայն կտային, պատասխանել են. 41.8 %՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, 25.4 %՝ ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցությանը: Այս տոկոսները երկու կուսակցությունների համար էլ մոտ 3% ավել են մարտի 29 –ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ: Թուրքերի 22.7 % կարծում է, որ 2009 թվականի երկրորդ եռամսյակի ամենակարեւոր իրադարձությունը շարունակում է մնալ համաշխարհային ճգնաժամը, 21.9 %-ը կարծում է, որ կարեւոր իրադարձություն է «Էրգենեկոնի» գործը: Հարցվածների 45.3% տոկոսը հավատում է, որ հունիսի 12-ին «Taraf» թերթում հայտնված փաստաթուղթը («Արդարություն եւ զարգացում» կուսակցության վերացման ծրագիր) իրական է, իսկ 54.7 % տոկոսը չի հավատացել դրա իրականությանը: Հարցվածների 57.7 տոկոսը գոհ է պետության սոցիալական օգնություններից, 52.3 % գոհ է ահաբեկչության դեմ պայքարից, 51.4 % արտաքին քաղաքականությունից, 48.1 % ժողովրդավարությունից եւ տնտեսական քաղաքականությունից:
NEWS.am- ը հիշեցնում է, որ «Էրգենեկոնը» ենթադրյալ ահաբեկչական ընդհատակյա կազմակերպություն է, որը ցանկացել է հեղաշրջում անել: Նախապատրաստվել է իրականացնելու քաղաքական, հասարակական եւ հոգեւոր գործիչների սպանություններ, այդ թվում, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանին: Հուլիսի 20 տեղի է ունեցել «Էրգենեկոնի» գործով երկրորդ դատը, իսկ 3-րդ դատը կլինի երկու շաբաթ անց: Իսկ հունիսի 12-ին թուրքական «Taraf» թերթում հրապարակվել է ենթադրաբար Թուրքիայի գլխավոր շտաբի հատուկ վարչության կողմից պատրաստված «Ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիրը», որ նախատեսում էր վերացնել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ նրա իսլամական հենարան Գյուլենի միությունը:



















