Լոնդոն կատարած այցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե ինքը խնդիրներ չունի հայ-թուրքական հաշտեցման գործընթացում։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները որքան էլ փորձեն ցույց տալ, թե հաշտեցման գործընթացում առաջընթաց կա, այնուամենայնիվ այն նահանջ է ապրում։

Ինչ վերաբերվում է Լոնդոն կատարած թռիչքի ժամանակ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղված ուղերձին, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, դա ներքին օգտագործման համար արված ուղերձ է, եւ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ դեր չի ունենա։

«Ուղերձով փորձում են ցույց տալ Հայաստանի հանրությանը, թե որքան վստահ է զգում իրեն նախագահը, որ նա բացարձակապես խնդիրներ չի տեսնում, մտահոգություններ, մտավախություններ չունի եւ անընդհատ փորձում է Թուրքիայի վրա „վերխ“ վերցնել ու ցույց տալ, թե նա պետք է քայլերը կատարի»,- հավելեց Սաֆարյանը։