Հայաստանի եւ Սիրիայի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու եւ Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը փետրվարի 9-ին ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ շարունակական բարձրաստիճան այցելությունները նոր լիցք եւ որակ են հաղորդում երկու բարեկամ երկրների փոխշահավետ համագործակցությանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Սիրիայի հետ բազմակողմ եւ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանը:

Նույն օրը Սիրիայի արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի եւ Սիրիայի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը: