Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 9-ին Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առթիվ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել մեծանուն բանաստեղծի հուշաքարին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիշատակի արարողությունը միայն սկիզբն է մեծանուն բանաստեղծի հոբելյանական միջոցառումների, որոնք կազմակերպում է ՀՀ կառավարության Վահան Տերյանի 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը: Մտավորականներից ու պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հոբելյանական հանձնաժողովի նախագահն է վարչապետը:

Հոբելյանական միջոցառումները ներառում են ինչպես ավանդական տերյանական օրեր բանաստեղծի ծննդավայրում եւ Օրենբուրգում (Ռուսաստանի Դաշնություն), այնպես էլ ուսանողական մրցույթ-փառատոն, հուշանվեր-գրքույկի հրատարակում, «Գրական թերթի» հոբելյանական համարի թողարկում, հայ նկարիչների եւ գրականության ցուցահանդեսներ, համադպրոցական մրցույթներ, «Վահան Տերյան» հանրագիտարանի հրատարակում, Վ. Տերյանի անվան կրթաթոշակի սահմանում, նամականիշի թողարկում եւ այլն: