Մի խումբ երիտասարդ գրողներ եւ գրականագետներ բաց նամակով դիմել են նախագահին` խնդրելով ընդառաջել,որ Հովհաննես Գրիգորյանը հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում:
«Այսօր առավոտյան մեզնից հեռացավ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Գրիգորյանը 60-ականների բանաստեղծական փայլուն սերնդի ամենաակնառու ներկայացուցիչներից է: Սերունդ, որ իրապես փոխեց հայ բանաստեղծության ընթացքը: Իր «Աշուն» աղմկահարույց բանաստեղծությամբ, այնուհետեւ 10-ից ավելի բանաստեղծական ժողովածուներով Գրիգորյանը հայ բազմադարյան պոեզիան բարձրացրեց բոլորովին նոր մակարդակի` սահմանելով բարձր նշաձող ու մեծ ազդեցություն թողնելով հետագայում ասպարեզ մտած գրեթե բոլոր բանաստեղծական սերունդների վրա: Նրա ստեղծագործությունը հայ գրականության այն բացառիկ մասնավորություններից է, որ բարձր է պահում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր գրականության հարգը նաեւ համաշխարհային գրականության անդաստանում: Պատահական չէ, որ նրա գրքերը թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Գրիգորյանը նաեւ բացառիկ ներդրում ունի համաշխարհային գրականության լավագույն արժեքները հայերեն թարգմանելու գործում, այն էլ` իսպաներենից: 2012-ին նա արժանացել է ՀՀ պետական մրցանակի:
Հովհաննես Գրիգորյանը բացառիկ մշակութային երեւույթ է, անհատականություն, որ մշտապես ունեցել է քաղաքացիական բարձր գիտակցություն եւ մեծապես նպաստել հայոց պետականության զարգացման ու կայացման գործընթացին:
Աներկբա է, որ նա իր պատվավոր տեղը պետք է ունենա հայ գրականության, արվեստի ու մշակույթի մեծ դեմքերի կողքին` Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Մենք` երիտասարդ գրողներս, գրականագետներս, խնդրում ենք ընդառաջել մեզ եւ համապատասխան կարգադրություն տալ, որպեսզի Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան պանթեոնում»,-ասված է բաց նամակում:





























