Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 7-ին, կայացած արտահերթ նիստում նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի դիմումի հիման վրա վարչական լսում է իրականացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արման Սմբատյանը:
Նա նշեց, որ նիստին լրացուցիչ ճշգրտումներ են արել դիմումի հետ կապված, պարզաբանումներ մտցրել, հարցեր տվել եւ այլն: ԿԸՀ-ն նախագահի թեկնածուի դիմումը կքննարկի 5 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Արման Մելիքյանը պահանջում է վերանայել ընտրացուցակները՝ ընտրակեղծիքները բացառելու եւ քվեարկության օրկնականությունն ապահովելու նպատակով: Իր դիմումի մեջ Արման Մելիքյանն անդրադարձել է մի քանի ՏԻՄ կառույցների կողմից «անձնագրային տվյալների ապօրինաբար հաշվառմանը»: Նախագահի թեկնածուն խնդրում է վարչական վարույթ սկսել՝ դիմումում ներկայացված փաստերի հիման վրա:
Նա նամակով դիմել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` նշելով. «Մեր աղբյուրները հաղորդում են, որ եղել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, իսկ բնակելի շենքերի լիազորներին վարչական շրջանների պաշտոնական ներկայացուցիչները` այսինքն պետական ծառայության մեջ գտնվող անձինք հրահանգել են հավաքագրել իրենց շենքերում գրանցված եւ Հայաստանից հեռացած կամ առկա ընտրողների վերաբերյալ թվային տվյալներ եւ այս աշխատանքները հիմնականում արդեն ավարտված են: Այդ նպատակով օգտագործվում են հատուկ ձեւաթղթեր (նմուշը կցվում է), որի վերջին տողը պետք է տվյալներ պարունակի պարոն Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն արտահայտած ընտրողների թվի վերաբերյալ: Մենք ընտրողների նկատմամբ զանգվածային ճնշման դրսեւորում ենք գնահատում պետական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից գործող իշխանության ղեկավարի թեկնածուական շահերի հանդեպ ցուցաբերած հատուկ հետաքրքրությունը: Մյուս կողմից արդեն պարզ է, որ Հայաստանից հեռացած` ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներն արդեն հավաքագրվել են եւ իշխանության պարտականությունն է դրանք հրապարակել առնվազն մինչեւ փետրվարի տասներեքը»: http://news.am/arm/news/139091.html





























