Վերջին տասը տարիներին տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է նոր ընկերությունների կտրուկ աճ։ Այս մասին նշված է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Enterprise Incubator Foundation- EIF) «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը. Ծրագրային ապահովում եւ սպասարկում» վերլուծությունում։ Փորձագետները ընդգծում են, որ ավելացել են ե՛ւ տեղական ե՛ւ արտասահմանյան նորաստեղծ ձեռնարություններն ու մասնաճյուղերը։ Ընդ որում, արտասահմանյան ընկերությունների շուրջ 90 տոկոսը ստեղծվել է 2000-2009թթ. ընթացքում: 2009 թվականին գործող ՏՏ ընկերությունների թիվը հասել է 200-ի, ինչը շուրջ 17 տոկոսի աճ է 1998-2009 թթ. ժամանակաշրջանի համար: 2000-2009թթ. միջինը տարեկան հաշվով հիմնվել է 20 ՏՏ ձեռնարկություն: Համեմատության համար նշենք, որ 1990-ականներին այդ ցուցանիշը եղել է տարեկան միայն 5 ընկերություն: Ըստ վերլուծության, 2008 թվականին գրանցվել է առավելագույն ցուցանիշը, երբ հիմնվել է շուրջ 30 նոր ընկերություն: Փորձագետները նշում են, որ, բարձր ցուցանիշները դժվար է պահպանել, քանի որ դեռ հրատապ է մնում բարձրակարգ ծրագրավորողների, ճարտարագետների և ծրագրերի ղեկավարների անբավարար թվի խնդիրը: ՏՏ ոլորտի համապատասխան կադրերի բացակայությունը եղել է ոլորտի աճը խոչընդոտող հիմնական պատճառը:
2009 թվականին Հայաստանում գործող արտասահմանյան ընկերությունների թիվը հասել է 74-ի, ինչը կազմում է ընդհանուր քանակի 38%-ը: Վերլուծության համաձայն, երկրի սահմաններից դուրս բարձր ճանաչում է ստանում Հայաստանի ծրագրավորման ոլորտի վարկանիշը: 2006 թվականի համեմատ՝ ռուսաստանյան կամ ԱՊՀ երկրների մասնակցությամբ ընկերությունների թիվն աճել է 9 տոկոսով, շնորհիվ վերջին ժամանակաշրջանում հեռահաղորդակցության և աութսորսինգի ոլորտներում ընկերությունների ձեռքբերման գործարքների: Վերլուծությունում նշված է, որ վերջին 3-4 տարիների ընթացքում ավելացել է նաեւ ամերիկյան եւ եվրոպական մասնակցությամբ ստեղծված ընկերությունների թիվը, որոնց 62 տոկոսը ԱՄՆ-ից են։




























