Այսօր` փետրվարի 7-ին ԱԻ նախարարություն էին այցելել Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսը եւ ֆրանսիական «Էտիեն Լակրուա Գրուպ» ընկերության ներկայացուցիչներ Էրիկ Բարեսն ու Էնթնի Ռիմբոն։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե այցի հիմնական նպատակն էր ԱԻ նախարարությանը ներկայացնել վերոնշյալ ընկերության արտադրանքը։ «Էտիեն Լակրուա Գրուպը» պատրաստում է հասարակական կարգի պահպանության եւ քաղպաշտպանության տեխնիկական միջոցներ` համագործակցելով առավելապես տարբեր երկրների ուժային կառույցների հետ։ Պարոն Ռոպերսը մասնավորապես ասաց. «Մենք ուզում էինք ձեզ ներկայացնել այս ձեռնարկության արտադրանքը, քանի որ այն հանդիսանում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հիմնական գործընկերներից։ Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում անցկացվող հանդիպումների ընթացքում շատ անգամ հարցեր են առաջացել, թե ինչ տեխնիկական միջոցներով են աշխատում ֆրանսիացի հրշեջները»։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության եւ ՓԾ փրկարար ուժերի վարչության աշխատակիցներ։ «Էտիեն Լակրուա Գրուպ» ընկերության բիզնես կառավարիչ Էնթնի Ռիմբոն հանգամանալից ներկայացրեց իրենց արտադրանքը` աղետի դեպքում ծխային եւ լուսային ազդանշանային հրթիռներ, որոնք հնարավոր է հայտնաբերել անգամ ռադարի օգնությամբ, անհատական պաշտպանության գազի փոքր բալոններ, տնային եւ տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգեր, պայթուցիկներ` լեռներում ձնահյուսը կանխարգելելու համար եւ կլիմայական փոփոխություններ առաջացնող հրթիռներ` տեղումների քանակը մեծացնելու կամ նվազեցնելու համար։
«Մեր կարգախոսն է «Հուսալիություն, ամրություն եւ որակ»,- ասաց Է. Ռիմբոն։
Վերջինս հույս հայտնեց, որ իրենց արտադրանքը կիրառություն կգտնի նաեւ ԱԻՆ համակարգում։





























