Մետրոյի «Բարեկամություն»-«Աջափնյակ» ճյուղը դեռ չի կառուցվում, բայց կա ցանկություն: Այս մասին, այսօր` փետրվարի 7-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Բանակցություններ են ընթանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, ուսումնասիրվում են պայմանները: Երբ վերջնականապես ուսումնասիրեն եւ հասկանան, թե քանի մլն դա կարժենա, այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացվի»,-ասել է նա:
Նրա խոսքով` խոստանալ, որ բառացիորեն հաջորդ տարի կսկսվի շինարարությունը, ինքը չի կարող, բայց կարող է արձանագրել, որ որոշակի աշխատանք արդեն կատարված է:
Երեւանի մետրոպոլիտենը բացվել է 1981 թվականին. Այն ունի 10 կայարան: Ժամանակին նախատեսվում էր կառուցել եւս երկու կայարան: 1989-91 թվականներին կառուցվել են «Աջափնյակ» եւ «Նազարբեկյան» կայարանների թունելները եւ կոնստրուկցիաները, բայց դրանք շահագործելու համար դեռեւս բավական ծավալի աշխատանք պետք է իրականացնել:
2010 թվականից ի վեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը մի քանի վարկ է տրամադրել Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման համար:





























