Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին այսօր՝ փետրվարի 9-ին հրավիրել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:

Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն հրավիրել էին հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կատարված ապօրինությունների կապակցությամբ հարուցված քր. գործի շրջանակներում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է թիվ 10/19 ընտրատեղամասին, որտեղ ընդդիմության ակտիվստների եւ լրագրողների նկատմամբ բռնություններ եւ լցոնման դեպքեր էին արձանագրվել: Սափրագլուխները բռնություն էին գործադրել նաեւ Վլադիմիր Կարապետյանի նկատմամբ, ով որպես վստահված անձ՝ հսկում էր ընտրությունների ընթացքը:

Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, որ ՀՔԾ-ում առերեսում է տեղի ունեցել ընտրատեղամասի նախագահ Գագիկ Բաղդասարյանի եւ հանձնաժողովի այլ անդամների հետ: «Ես նախաքննության գաղտնիության պատճառով չեմ կարող բացահայտել ամեն ինչ, սակայն նշեմ, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները լկտի սուտ էին խոսում՝ փորձելով ինձ մեղավոր հանել կատարվածում»,- նկատեց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ թիվ 10/19 տեղամասի ընտրություններն անվավեր էին ճանաչվել: Իսկ ընտրատարածքում ընտրվել էր իշխանության թեկնածուն՝ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը՝ հաղթանակ տանելով ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: