Հայաստանը անում է հնարավոր ամեն բան սիրիահայերին աջակցելու համար, թե Հայաստան ժամանածներին, թե այնտեղ մնացածներին: Այս մասին, այսօր` փետրվարի 7-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

«Նրանք գիտեն, որ մեր հնարավորությունների սահմաններում մենք անում ենք ամեն ինչ»,-նշել է նախագահի թեկնածուն, հավելելով, որ վերջերս հանդիպել է սիրիհայերի մի խմբի, ծանոթացել նրանց խնդիրներին:

«Մեր խնդիրն է օգնել նրանց` առավելագույնս արագ ինտեգրվել հայ հասարակությունում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` լուծվել է դպրոցի հարցը, նրանց մի մասն ապահովվել է աշխատանքով: Զուգահեռաբար օգնություն է ցուցաբերվում նրանց, ովքեր մնացել են Սիրիայում:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն ու հասարակական կազմակերպությունները օգնություն են ցուցաբերում Սիրիայում ապրող հայերին, որտեղ գործում է Մերձավոր Արեւելքի ամենահին հայկական համայնքը: Շատ սիրիահայեր լքել են Սիրիան եւ հիմնավորվել Հայաստանում, նրանց քաղաքացիություն, բնակարան, բուբերում անվճար ուսուցման հնարավորություն է տրվում: