Բանգլադեշում նավ է խորտակվել, որի վրա եղել է ավելի քան 100 ուղեւոր: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 8-ի առավոտյան, Մեգհնա գետում:

Ինչպես հաղորդում է AFP-ն, ոստիկանության նախնական տվյալներով, շուրջ 50 ուղեւորներ անհետ կորել են:

«Այս պահին մենք գիտենք, որ խորտակված նավի վրա շուրջ 100 մարդ է եղել, նրանցից մի քանիսն իրենց ուժերով հասել են ափ»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ջահանգիր Հոսեյնը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին Մեգհնա գետում խորտակվել էր «Շարիաթպուր-1» նավը, որի հետեւանքով զոհվել էր 142 մարդ: Բանգլադեշում նման միջադեպեր բավական հաճախ են լինում, քանի որ նավերը շահագործում են անվտանգության նորմերը չպահպանելով: