Մեքսիկայում ձերբակալվել է Kombo Kolombia խմբի մասնակիցների նկատմամբ գազանաբար հաշվեհարդարի մեջ կասկածվողին: Տղամարդը փորձել է փախչել ոստիկանությունից, իսկ ձերբակալությունից հետո խոստովանել է, որ առեւանգել ու սպանել է երաժիշտներին:

Նահանգի իշխանությունները նշում են, որ 15 մարդու դաժան սպանությունը կարող է տեղի քրեական առաջնորդների կողմից խմբի ղեկավարի դեմ ուղղված վրեժ լինել:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` Kombo Kolombia-ի երաժիշտները բազմիցս են հանդես եկել ակումբներում, հաղորդում է НТВ-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեքսիկայի հյուսիսում գտնվող Նուեuո Լեոն նահանգում համերգից հետո առեւանգել են Kombo Kolombia երաժշտական խմբի 15 անդամներին:

Տեղի բնակիչները հայտնել են, որ հունվարի 25-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում լսել են կրակոցների ձայներ: Երաժիշտների հարազատները նրանց անհետացման մասին հայտնել էին ուրբաթ օրը, երբ նրանց բջջայիններն արդեն անջատված են եղել: Արտիստների մեքենաները մնացել են կայանատեղիում, որտեղ հայտնաբերվել են նաեւ խմբին պատկանող նոտաներով  թղթապանակներ, հայտնում է NEWSru.com-ը:

Ըստ նախնական տեղեկության`  համերգի անցկացման վայր են ժամանել հանցագործներով 14 մեքենաներ եւ առեւանգել են երաժիշտներին:

Խումբը Մեքսիկայում հանդես է գալիս արդեն երեք տարի եւ կատարում է կոլումբիական ոճի երաժշտություն: Տեղական լրատվամիջոցները նշում են, որ խումբը բազմիցս ելույթ է ունեցել երկրի հյուսիսային մասում գործող հանցախմբերի հարձակմանը ենթարկվող բարերում եւ գիշերային ակումբներում: 

Հետագայում պարզվել է, որ երաժիշտներին սպանել են, իսկ մարմինները թաքցրել լքված ռանչոյում: