Ադրբեջանը կտրականապես հերքում է իր տարածքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության «սեւ բանտերի» առկայությունը:

Ավելի վաղ  CNN հեռուստաալիքը տարածել էր արտասահմանում մարդկանց կալանավորման եւ հարցաքննության վերաբերյալ ԿՀՎ ծրագրերի սենսացիոն մանրամասները: Ըստ Vesti.Az-ի, ահաբեկչության մեջ կասկածվող 136 մարդու երրորդ երկիր են ուղարկել` հարցաքննության համար կամ պահել են ԿՀՎ կողմից վերահսկվող` այսպես կոչված «սեւ բանտերում»: Հատկանշական է, որ այդ երկրների թվում է նաեւ Ադրբեջանը:

Ադրբեջանում այդպիսի ենթադրությունները կտրականապես մերժել են: «Լիովին վստահ կարող եմ ասել, որ մեր երկրում  ԿՀՎ որեւէ «սեւ բանտի» առկայության մասին խոսք լինել չի կարող»,-«էխո»-ին հայտարարել է Ադրբեջանի բռնությունների դեմ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբութովը: Հեռուստաալիքի` հանրային աղբյուրներից` ներառյալ ԱՄՆ եւ արտասահմանյան ղեկավարությունների փաստաթղթերից, Եվրախորհրդարանից եւ Եվրոպայի Խորհրդից արված հարցումներից, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների տված  տեղեկություններից ստացված տվյալներով, ԿՀՎ-ն դատապարտյալներին գաղտնի կերպով պահել է Լիտվայում, Մարոկկոյում, Լեհաստանում, Ռումինիայում, Թաիլանդում ինչպես նաեւ Աֆղանստանում եւ Գուանտանամոյում: Ցուցակում կան այնպիսի երկրների անուններ, ինչպիսիք են Ադրբեջանը, Կանադան, Դանիան, Մալավին, Քենիան, Զիմբաբվեն, Մալազիան եւ Շրի-Լանկան:

СNN-ի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԿՀՎ-ի եւ վերոնշյալ երկրների համագործակցության մեջ մտել են այնպիսի հարցեր, ինչպիսին է ահաբեկչության մեջ կասկածվողներին ինքնաթիռով բերելու համար օդային տարածքներն օգտագործելու թույլտվությունը: