Ուկրաինայի խորհրդարանի երեք ընդդիմադիր խմբակցությունների («Բատկիվշչինա», «Ազատություն» եւ «Ուդառ») ներկայացուցիչները արդեն 4-րդ օրն է` խափանում են Գերագույն ռադայի աշխատանքը: 

Այսօր նիստերի դահլիճում են գտնվում ընդդիմադիր 50 պատգամավորներ, որոնք գրավել են ամբիոնը եւ նախագահությունը: Նիստերի դահլիճում կախված են ցուցապաստառներ հետեւյալ գրությամբ. «Պատգամավոր, աշխատանքի արի, անձամբ քվեարկիր», «Կոճակասեղմիչներ, դուրս Ռադայից»: Ընդդիմադիր պատգամավորները կանգնած են նախագահությունում` կարմիր շապիկներով, որոնց վրա գրված է. «Քվեարկում ենք անձամբ»:

Ընդդիմության հիմնական պահանջն է` միացնել «Ռադա-3» քվեարկության համակարգը` անձնական սենսորային կոճակով եւ ապահովել պատգամավորների անհատական քվեարկությունը:

«Ուդառ» խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն այսօր` փետրվարի 7-ին, կոչ է արել թեստավորել «Ռադա-3» համակարգը եւ եթե այն չի աշխատում, անհատական քվեարկության այլ միջոցներ կիրառել:

Ուկրաինայում իշխող «Ռեգիոնների կուսակցությունն» իր հերթին, պատասխան  պահանջում խորհրդարանի խոսնակ Արսենի Յացենյուկից, թե ում նախաձեռնությամբ է կազմվել քվեարկության այդ համակարգը եւ սպառնում է քրեական պատասխանատվության ենթարկել բյուջետային միջոցները վատնելու համար:

Նշենք, որ ըստ Ուկրաինայի Սահմանադրության, երկրի նախագահը կարող է ցրել խորհրդարանը, եթե նստաշրջանի ընթացքում 30 օր շարունակ լիագումար նիստեր չեն կայանում: