Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացրած զեկույցի վերաբերյալ:
«Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարեւորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է: Ճշգրիտ եւ անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձեւավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը եւ, ինչպես նշվում է հենց զեկույցում, հաճախ չհիմնավորված թերհավատությունն ու ընկալումները: Մյուս կողմից զեկույցի անճշտությունները կարող են բերել հակառակ ազդեցության` սերմանելով հասրակության մեջ ընտրությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ:
Ուսումնասիրելով առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը` պետք է նշենք այն դրական արձանագրումները, որ անում են դիտորդները քարոզարշավի ընթացքի, ընտրական գործընթացների կազմակերպվածության, ցուցակների հետագա բարելավման ուղղությամբ պետության շարունակական ջանքերի վերաբերյալ:
Միեւնույն ժամանակ, մենք հայտնաբերեցինք մի շարք անճշտություններ, որոնք, մեր կարծիքով, օբյեկտիվորեն չեն ներկայացնում իրական պատկերը: Խոսքը վերաբերում է հատկապես երկու դրույթի:
Առաջինը` հեռուստաընկերությունների կողմից թեկնածուներին հատկացվող եթերաժամերի գնահատականը, մեր կարծիքով, ճշգրտորեն չի արտացոլում իրական պատկերը: Համաձայն մի շարք դիտարկող կազմակերպությունների (օրինակ` Երեւանի մամուլի ակումբի), ինչպես նաեւ հենց ԺՀՄԻԳ առաջարկով մշտադիտարկում իրականացնող ՀՌԱՀ-ի տվյալների, առավել շատ լուսաբանավել է Պարույր Հայրիկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Սերժ Սարգսյանի լուսաբանումը իր ծավալով զբաղեցնում է երրորդ տեղը: Դիտարկվող մի շարք այլ չափանիշներով մեր թեկնածուն զբաղեցնում է անգամ չորրորդից վեցերորդ տեղերը` զիջելով մյուս թեկնածուներին:
Երկրորդ անճշտությունը վերաբերում է մեր շտաբերի տեղակայմանը: Զեկույցում ճշգրտորեն մեջբերած է Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն.
Ընտրական շտաբերը չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբերը զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:
Ի դեպ, այդ դրույթը որեւէ քննադատության չի արժանացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովների Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համատեղ եզրակացությունում: Համաձայն այդ դրույթի, օրինակ, շտաբեր կարող են տեղակայվել համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում, եթե այդ շենքերը զբաղեցված չեն տեղական ինքնակառավարման կամ պետական մարմնի կողմից (համայնքի ղեկավարի, ավագանու, ընտրական հանձնաժողովի եւ այլն): Այսինքն, շտաբերը կարող են տեղակայվել, օրինակ մշակույթի պալատում, եթե այնտեղ տեղակայված չեն վերոնշյալ մարմինները: Ցավոք, զեկույցում որպես խախտում մատնանշված օրինակներն անտեսում են oրենքի այդ դրույթը, տարածական մեկնաբանում այն, ինչպես նաեւ որոշ դեպքերում շփոթում ընտրական շտաբերը ՀՀԿ տարածքային գրասենյակների հետ:
Այսպես օրինակ` զեկույցում նշվում է, որ Արմավիր, Էջմիածին եւ Մեծամոր քաղաքներում շտաբը գտնվում է համայնքային շենքերում: Իրականում Արմավիրում շտաբը վարձակալում է տարածք մշակույթի պալատից, Էջմիածնում` մասնավոր անձից, Մեծամորում` մասնավոր հյուրանոցից: Զեկույցում նմանատիպ անճշտություններ առկա են Արեւադաշտի, Ծաղկահովիտի, Արագածի, Կարբիի, Ագարակի հետ կապված:
Կենտրոնական շտաբը իր պատրաստակամությունն է հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ քննարկելու վերոնշյալ հարցերը, ինչպես նաեւ տրամադրելու անհրաժեշտ այլ տեղեկություններ հետագայում նման թյուրիմացություններից խուսափելու համար»,-ասված է հայտարարության մեջ:




























