Առողջ ընտանիքը առողջ հասարակության հիմքն է: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանի Զեյթուն թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` առողջապահության ոլորտի բարեփոխումը ամենակարեւոր ուղղություններից մեկն է, հատուկ շեշտադրում կդրվի առողջ կենսակերպի եւ հիվանդությունների կանխարգելման վրա: «Հայաստանը պետք է դառնա մի երկիր, որտեղ մայրությունը եւ մանկությունը կգտնվեն պետության եւ հասարակության պաշտպանության ներքո: Այդ առնչությամբ, պետք է մայրական կապիտալի գաղափարը ներդրվի եւ երրորդ, չորրորդ երեխան ունենալիս նպաստը պետք է կրի խրախուսական բնույթ, իսկ 5-րդ երեխայի դեպքում այդ օգնությունը պետք է նպաստի բազմանդամ ընտանիքի վիճակի բարելավմանը: Ընդհանուր առմամբ` երկիրը շարժվում է բոլորի համար բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
«Կշարունակվի մարզային բժշկական կենտրոնների վերակազմավորման եւ հագեցման գործընթացը»,-ասել է նախագահի թեկնածուն ու հավելել, որ որոշակի աշխատանք արդեն արված է եւ երեւանյան բժշկական կենտրոնները որոշակի առումով բեռնաթափվել են: Հեռանկարում, ըստ նրա, բոլորի համար հասանելի կլինի սրտի վիրահատությունը: «Հայաստանը պետք է դառնա առողջապահության տարածաշրջանային կենտրոն: Պետությունը պետք է աջակցի դեղագործական ձեռնարկությունների ստեղծմանը: 3-4 ամիսների ընթացքում կներդրվի փաթեթ հասարակության սոցիալապես անապահով խավերի համար, ինչը թույլ կտա դեղամիջոցներ ձեռք բերել 30-40 տոկոսով ավելի էժան գներով»,-ասել է նա:





























