Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բանտերից ազատել է «քաղբանտարկյալներին»` «զոնդեր-բրիգադներ» ստեղծելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ում նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել Ազգային գրադարանի շենք մուտք գործելու ժամանակ, որտեղ պետք է տեղի ունենար երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ամենամյա ելույթը:

Ազգային գրադարանում Սահակաշվիլիի ելույթը նախատեսված էր ժամը 18:00-ին, սակայն այդտեղ բողոքի ակցիա էին կազմակերպել հունվարին համաներմամբ բանտերից ազատ արձակված բանտարկյալները, որոնք երկրի խորհրդարանի կողմից ճանաչվել էին որպես «քաղբանտարկյալներ»:

Ազգային գրադարանի առջեւ բախումներ են տեղի ունեցել Սահակաշվիլիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:

«Երբ իշխանությունն իր ժողովրդի հետ խոսում է հանրահավքների լեզվով, այդ իշխանությունը վատ է ավարտում: Մենք տեսանք, որ Իվանիշվիլին ցանկանում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, որովհետեւ ուզում էր «զոնդեր-բրգադներ» ստեղծել»,-լրագրողներին ասել է Ուգուլավան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ելույթն Ազգային գրադարանում հետաձգվել է: Այս մասին հաղորդել է երկրի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, հավելելով, որ նման որոշում է ընդունվել Ազգային գրադարանի շենքի մոտ իրավիճակի կտրուկ լարման հետեւանքով, որտեղ բողոքի ակցիա է տեղի ունենում:

«Նախագահի ելույթը հետաձգելու որոշում է կայացվել ծանր իրավիճակի պատճառով, արյունահեղությունից խուսափելու համար… Իմ սերնդակիցները եւ ավելի տարեցները հիշում են, թե ինչպես սկսվեց քաղաքացիական պատերազմը: Մենք չենք ցանկանում, որպեսզի արյունահեղությունը կրկնվի»,-ասել է Մանջգալաձեն:

Նախագահն իր ելույթը կսկսի այսօր` ժամը 20:00-ին, իր նստավայրում, որը կհեռարձակվի վրացական հեռուստաընկերությունների եթերում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր պետք է հանդես գար խորհրդարանում` ավանդական ամենամյա ելույթով, սակայն խորհրդարանական մեծամասնությունը մերժել է նրան այդ հարցում: Նախագահը որոշել էր իր զեկույցը կարդալ Ազգային գրադարանում:

Խորհրդարանի որոշմամբ քաղբանտարկյալ հռչակված եւ ազատ արձակվածները որոշել են «ամոթի միջանցք» կազմակերպել Ազգային գրադարանում:

Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն այս առիթով ասել էր, որ նախագահը մտադիր չէ հետաձգել իր ելույթը` հնարավոր սադրանքների պատճառով: Նա նախազգուշացրել էր, որ եթե սադրանք տեղի ունենա, դրա պատասխանատվությունն ընկնելու է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վրա: