Ես չէի գերագնահատի Ռուսաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագիրը: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին, Երեւանի Զեյթուն թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանն` անդրադառնալով ՌԴ կառավարության կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրին, որի օգնությամբ հայերը վերաբնակվում են Ռուսաստանում:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ռուսական կողմը խթանում է որոշակի մասնագետների ներգաղթն իր երկիր:
«Այդ ծրագիրը գործում է արդեն մի քանի տարի եւ այդ ընթացքում Հայաստանն այդ ծրագրով լքել է մոտ 3,5 հազար մարդ: Չեմ կարծում, որ այդ թիվը վճռորոշ նշանակություն ունի»,-ասել է նա: Սարգսյանը նշել է, որ միգրացիոն գործընթացների առնչվում են բոլոր երկրները: Նրա խոսքով` այդ խնդիրը ծանոթ է Ամերիկայի եւ Եվրոպայի շատ երկրների: «Վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ լավ կյանքի հետեւեից գնացածները կվերադառնան, բայց անթույլատրելի է արհեստական խոչընդոտներ ստեղծել նրանց հեռանալու համար: Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ վերադառնան»,-ամփոփել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ռուսական «Հայրենակիցներ» ծրագիրն այն տեսքվո, ինչպիսին հիմա է իրականացվում, անընդունելի է Հայաստանի համար:





























