Ընտրությունները փորձություն են հասարակության համար, հասունության յուրատեսակ ստուգում: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանի Զեյթուն թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` ընտրությունների ընթացքում կարելի է հետեւել նախկինում թաքնված երեւույթների. «օրինակ, կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը իր հանրային խոսքը ձեւակերպում է որպես նորաթուխ բլոգեր, ընդդիմադիր ուժը քարեր է նետում այլ ընդդիմադիր ուժի ուղղությամբ` փորձելով վերագտնել կորցրած դիրքերը, քաղաքական կուսակցությունը քարկոծում է իր անդամներին այդ նույն կուսակցության թեկնածուին պաշտպանելու համար: Բայց շուտով ամեն բան կանցնի, երկիրը կվերադառնա իր բնական հունին»:
Անդրադառնալով քաղաքական դաշտին, նախագահի թեկնածուն նշել է, որ այն համապատասխանում է պետության ընդհանուր զարգացմանը: Նրա խոսքով` քաղաքական գորիչների պակաս չկա, բայց նրանցից ոմանք համարում են, որ վարկանիշ կարելի է վաստակել բացառապես իշխանություններին քննադատելով: «Իհարկե, ընդդիմությունը պետք է քննադատի, բայց քննադատությունը պետք է կառուցողական լինի, պետք է օգնի շտկել թերությունները»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում խիստ քննադատություն էր հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին` կարծիք հայտնելով, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ հնարավոր եղավ մահափորձ իրականացնել, որովհետեւ Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը:





























