Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրմանը: Այս մասին նա ասել է, այսօր` փետրվարի 8-ին, Երեւանի Զեյթուն թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով հարցին, թե շատ հաճախ մանկատները որեւէ տեղեկություն չունեն օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մասին:

Նրա խոսքով` իդելական կլիներ, եթե հասարակությունը մանկատների կարիք չունենար: «Սակայն եթե երեխան կորցրել է ծնողներին, իհարկե, ավելի լավ է, որ նրան որդեգրեն տեղացիները»,-նշել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ այս խնդրին ինքը դեռ կանդրադառնա:

Խոսելով մանկատների շրջանավարտներին խնդիրների մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ պետությունը փորձում է լուծել նրանց բնակարանով ապահովելու հարցը: Սակայն այստեղ էլ կա խնդիր, քանի որ որպես կանոն բոլորն ուզում են ապրել Երեւանում: