Փետրվարի 8-ին, ժամը 11.48-ին Լոռիի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել, որ վնասվել է «Ախթալա ԼՀԿ» կոմբինատից Այրում-Ճոճկան գնացող պոչատար խողովակաշարը, ինչի հետեւանքով պոչհանքը լցվում է Դեբեդ գետ:
Հայստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի բնապահպանության բաժնի պետը:
Տեղում պարզվել է, որ Ախթալայի պոչամբարից դեպի Դեբեդ գետ ջրահեռացման առուներում կան տղմալիցքային զանգվածի հետքեր, ինչը վկայում է նախկինում տեղի է ունեցած արտահոսքի մասին: Ներկա պահին տղմալիցքային զանգվածի հոսք չի հայտնաբերվել: Համաձայն «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի ղեկավարության հայտարարության՝ տղմալիցքային զանգվածի արտահոսք եղել է վթարի պատճառով:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ: Սահմանվել է հսկողություն՝ արտահոսքի կրկնվելու դեպքում համապատասխան մարմիններին տեղեկացնելու համար:

































