Մեքսիկական  Kombo Kolombia երաժշտական խմբի անդամների զանգվածային սպանությունը Մեքսիկայում կարող է իրականացված լինել թմրակարտելներից մեկի` Los Zetas-ի առաջնորդի հրամանով, հայտնել են  տեղի իշխանությունները:

Նուեվո-Լեոնայի իշխանությունների ներկայացուցիչ Խորխե Դոմենեի խոսքով` սպանությանը մասնակից լինելու կասկածանքով վերջերս կալանավորված մարդը ցուցմունք է տվել, որ երաժիշտներին հետեւել է Նուեվո-Լեոնե քաղաքում թմրանյութերի վաճառքով զբաղվող այդ կազմակերպության ղեկավարի հրամանով:

Հետաքննության հիմնական վարկածներից մեկն այն է, որ  Los Zetas կազմակերպությունը դժգոհ էր Kombo Kolombia խմբից, քանի որ այն ելույթ էր ունենում իր հակառակորդ խմբավորման` «Զալիվի կազմակերպության» բարերում եւ գիշերային ակումբներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ սպանվել են 17 երաժիշտներ: Հունվարի վերջին, Իդալգո քաղաքում, մասնավոր համերգի ժամանակ, նրանց առեւանգել էին անհայտ հանցագործներ: Հետո նրանց սպանել են, իսկ մարմինները թաքցրել են մի ամայի ֆերմայում, որտեղ դրանք հայտնաբերել են իրավապահ մարմինները:

2011 թվականի ամփոփմամբ` Los Zetas-ը դարձել է Մեքսիկայի քրեական աշխարհի առաջատար եւ 31 նահանգներից 16-ում, ինչպես նաեւ Մեխիկոյում, վերահսկում է հանցավոր խմբավորումներին:Կազմակերությունը ձեւավորվել է բանակի էլիտար ստորաբաժանումների նախկին աշխատակիցների կողմից, որոնք որոշել են անցնել թմրանյութային մաֆիայի ծառայության:Ավելի վաղ Los Zetas-ը  «Զալիվ կազմակերպության» մարտական թեւն էր, սակայն այնուհետեւ ձեւաորվեց որպես առանձին հանցավոր կազմակերպություն: