Փետրվարի 8-ին Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության հետ՝ Հեյդի Տալյավինիի գլխավորությամբ:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում Լեւոն Զուրաբյանը նշել է, որ ընտրությունները արդեն  կարելի է համարել ձախողված, քանի որ ընտրական ցուցակների անճշտությունների եւ դրա հետ կապված պետականորեն կազմակերպված լայնածավալ  ընտրակեղծարարության խնդիրները չեն լուծվել, հակառակ ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ  վերջնական զեկույցներում արտացոլված պահանջների, որ այդ խնդիրները պետք է լուծվեին մինչեւ նախագահական ընտրությունները: Ընտրակաշառքի բաժանման եւ ընտրողների ահաբեկման, ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործման, բազմակի քվեարկության, ընդդիմության քաղաքական գործողությունները ֆինանսավորող գործարարների նկատմամբ ծավալված հետապնդումները ստեղծել են իրավիճակ, որում վերջին խորհրդարանական ընտրություններին անգամ պաշտոնական  կեղծված տվյալներով 650 հազար ձայն հավաքած երեք հիմնական քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել նախագահական ընտրություններին, ինչով, ըստ էության խաթարվել է ընտրությունների մրցակցային բնույթը: Անգամ այս վիճակում շարունակվում են լայնածավալ ապօրինությունները, որոնց մասին եւս տեղեկություններ հայտնվեցին դիտորդական առաքելությանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ հետագա հանդիպումների վերաբերյալ: