Ղրղըզստանի Ջալալաբադ շրջանում կողոպտիչների զինված ավազակախումբ է վնասազերծվել, որի կազմում ընդգրկված են եղել «Հիզբ ութ-Թահրիր» արմատական իսլամիստ-ծայրահեղական կազմակեպության անդամներ, հայտնում է հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Ավազակախմբի անդամների թիվը 20-ի էր հասնում։ Այս պահին դրա տասը անդամներ են ձերբակալվել, մնացածների ինքնությունը ճշտված է։ Ավազակախումբը կազմված է եղել հանրապետության տարբեր շրջանների բնակիչներից, դրա անդամների թվում կային սպանությունների,կռվների,թալանի, կրոնական ատելություն հրահրելու համար նախկինում դատված անձինք։
Հանցագործները տվյալներ էին հավաքում դրամական խոշոր միջոցների տեր մարդկանց մասին, ներխուժում նրանց բնակարաններ,ծեծում եւ թալանում, գրում է lenta.ru-ն։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են անցկացվել միանգամից մի քանի քաղաքներում եւ շրջաններում։ Կասկածյալների մոտ հայտնաբերել եւ առգրավվել են ատրճանակներ, հրացաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, թուր։ Կասկածյալներից մեկի մոտ «Հիզբ ութ-Թահրիրի» գրքեր եւ թռուցիկներ են գտել։





























