«Վերջապես Կոսովոյի օրինակով մենք եվրոպական այլընտրանքային դատարան կունենանք, ուր կդիմեն հայկական դատական համակարգի հետ գործ ունենալ չցանկացող մարդիկ։ Ես բոլոր կոռումպացված դատավորներին անգործ կթողնեմ»։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 9-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը։

 «Քաղաքական կյանքում տասը փոփոխություն եմ առաջարկում, որոնցից մի քանիսը կներկայացնեմ ձեզ։ Հայաստանում կներդրվի մրցակցային դատարանի ինստիտուտը։ «եվրոդատարաններ», որոնք կունենան նաեւ եվրոպացի դատավորներ»,- նշել է  թեկնածուն։

Ի դեպ, Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրում նշվում է, որ նրա նախագահ դառնալու դեպքում Ազգային ժողովի ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով կանցնեն։

Ծրագրի մեկ այլ դրույթի համաձայն, հարկավոր է վճարովի զինվորական ծառայության համակարգ մշակել՝ պետական հատվածի միջին աշխատավարձից 20%-ով ավելի հաշվարկով։