ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը միանում է «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հ/կ-ի հայտարարությանը եւ դատապարտում Թուրքիայում հայերի դեմ կատարվող բռնությունները:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կմասնակցի փետրվարի 11-ին կայանալիք երթին` ուղղված այդ բռնությունների դեմ:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում բոլոր երիտասարդական կառույցներին եւ մեր ժողովրդի ճակատագրով մտահոգ հասարակության շերտերին՝ անկախ քաղաքական հայացքներից, միանալ նախաձեռնությանը եւ միասնական ճակատով պայքարել հայ ժողովրդի ոտնահարվող իրավունքների համար:

«Եկե՛ք միասնական ուժերով պաշտպանենք մեր իրավունքները եւ պահանջենք ՄԱԿ-ից, ԵԽ-ից, ԵՄ-ից եւ միջազգային մյուս իրավապաշտպան կառույցներից չթաքցնել թուրքական իշխանությունների վայրագությունները եւ զբաղվել իրենց իրական առաքելությամբ, այլապես նրանք դրանց անմիջական մասնակիցն են դիտվում»,-ասված է միության հայտարարության մեջ:

Երթի աշխատանքների կազմակերպման համար ստեղծվել է համակարգող խումբ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից:

Երթը տեղի կունենա փետրվարի 11-ին ժամը 12:00-ին Հանրապետության հրապարակում: Երթուղին ՝ Հանրապետության հրապարակ, ՄԱԿ-ի գրասենյակ, ԵՄ գրասենյակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երթ կազմակերպելու հայտարարությամբ հանդես էր եկել «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հ/կ-ն, որում, մասնավորապես, ասվում է. «Թուրքական իշխանությունների լռությունը եւ կրավորական կեցվածքը պարարտ հող են ստեղծել այդ երկրում ատելության, անհանդուրժողականության ու ազգայնական տրամադրությունների աճի եւ հայության շրջանում վախի մթնոլորտի ձեւավորման համար:

Կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԽ-ին եւ մյուս բոլոր միջազգային կազմակերպություններին ու իրավապաշտպան կառույցներին` համարժեքորեն արձագանքել թուրքական իշխանությունների անգործությանը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ երկրում ազգայնական հողի վրա հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանության հարցում:

Կոչ ենք անում ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններին, երիտասարդական կառույցներին, անհատներին միանալ Ստամբուլի միջադեպերը եւ ընդհանրապես Թուրքիայում՝ մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը դատապարտող բողոքի երթին, որի ընթացքում բաց նամակ կհանձնվեն միջազգային կառույցների ներկայացուցիչներին»: