Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է ժամանակակից արվեստի «Թեյթ» թանգարան, որտեղ ծանոթացել է Արշիլ Գորկու աշխատանքների հետ։ Ցուցահադեսի բացմանը ներկա են եղել հասարակական գործիչներ, արվեստասերներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նախկին վարչապետ եւ նախկին դեսպան, խոշոր ձեռնարկատեր Արմեն Սարգսյանը, սա վերջին 26 տարիներին Գորկու առաջին ցուցահանդեսն է Լոնդոնում։
«Այնպիսի ընդունելության, որը տեղի կունենա Սերժ Սարգսյանի պատվին, Վինձորյան պալատում արժանանում են քիչ ազգեր, եւ ես հպարտ եմ, որ իմ լավ ընկեր Չարլզի հետ, որի հայացքներն ու ճաշակները հատկապես արվեստի հարցում համընկնում են իմ հայացքների հետ, կարողացանք կազմակերպել այս երեկոն»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Հայտնի ձեռնարկատեր Վաչե Մանուկյանը խոստովանել է NEWS.am-ին, որ հայ լինելն ինքնազոհողություն է։ Ինչպես նա է նշել, բոլորը պետք է օգնեն հայրենիքին՝ նրանք, ովքեր փող ունեն՝ փողով, ովքեր ժամանակ՝ ժամանակով, իսկ ովքեր ունեն ե՛ւ նրանից, ե՛ւ նրանից՝ երկուսով էլ։ Առաջնահերթը նա համարել է աշխատատեղերի բացումը։
«Ես չէի ցանկանա քաղաքականությանը խառնվել որպես գործարար, սակայն կարծում եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան պետք է խոսեն, եթե հաջողության նույնիսկ 5 տոկոս հնարավորություն կա։ Մենք պետք է կարողանանք ասել, որ գոնե փորձել ենք։ Այո, գործընթացը շատ բարդ է, եւ ես չեմ ասում, որ այն հաջողությամբ կպսակվի, բայց մենք պետք է փորձենք, որովհետեւ անցել են ճիչերով ու գոռալով հարցեր լուծելու ժամանակները»,- ավելացրել է Մանուկյանը։




























