Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղուց հանելու նպատակով Թուրքիայի ԱԳՆ խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 13-ին կմեկնի Վաշինգտոն եւ կներկայացնի Թուրքիայի դիրքորոշումը: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը:
Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշումից հետո թուրքական կողմը Վաշինգտոնին է ներկայացնելու իր դիրքորոշումը՝ նախապատրաստվող իրավական փաստաթղթի շրջանակներում:
Սակայն ԱՄՆ-ում Սինիրօղլուի օրակարգում միայն Հայաստանի ՍԴ-ի որոշումը չի լինելու: Թուրքական կողմը իր անհանգստությունը կհայտնի մարտի սկզբին ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի առընչությամբ: Այս նախագծի դեմ, բացահայտորեն դեմ է արտահայտվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նշենք, որ Ֆերիդուն Սինիրօղլուն Հայաստանի ՍԴ-ի որոշման հետ կապված Թուրքիայի դժգոհությունները արդեն հասցրել է հայտնել Շվեյցարիայում՝ խնդրով հետաքրքրված պատասխանատու անձանց: Սինիրօղլուն Շվեյցարիա էր մեկնել փետրվարի 5-ին:
Թուրքիայի ԱԳՆ-ը նախատեսում է նաեւ դիվանագետներ ուղարկել Ֆրանսիա եւ Ռուսաստան, ովքեր եւս հանդիսանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շահագրգիռ կողմեր:




























