Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանն իրենց եռամիասնությամբ ցույց են տալիս, որ հավատում են, թե ընտրությունների միջոցով իշխանություն կձեւավավորվի եւ մասնակցում են այս թատրոնին: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, հավելելով, որ ուրախ է, որ ինքը չկա այդ եռյակում, քանի որ դա իշխանության սցենարն է:

Նրա խոսքով` այդկերպ քաղաքացիներին ապակողմնորոշելով շեղում են իրական խնդիրներից: «Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան կդիմի, թե` ոչ, դա էական չէ: Խնդիրն այն է` օրինական ընտրություններ կլինե՞ն, թե` ոչ, հետեւաբար աբսուրդ է, որ նրանք կմիավորվեն»,- նշեց Արման Մելիքյանը եւ ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի ընտրողները Հայրիկյանին ձայն չեն տա:

Նախագահի թեկնածուն նաեւ նշեց, որ սա մկնախաղ է, որին չի կարող լուրջ վերաբերել: Անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմելու Հայրիկյանի քայլին, նա ասաց, որ ընտրությունների հետաձգումը իշխանությունների համար լրացուցիչ գլխացավանք է, բայց չգիտի կհետաձգե՞ն, թե` ոչ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am