Հայաստանում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների վերադարձման գործընթացը դանդաղ է գնում: Այդ մասին Նուբարաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը: (ֆոտոռեպորտաժ)

Նա արձանագրել է, որ բնակչությանը վճարելու գործընթացը դանդաղ է գնում: Նրա խոսքով, ամեն տարի բյուջեով նախատեսվում են գումարներ, այս տարի նախատեսված է 2 մլրդ դրամ: «Բայց քանի որ այդ ավանդները շատ էին, ամբողջը վերադարձնել հնարավոր չէ, եթե անգամ Հայաստանը երեք տարի բյուջեն ամբողջությամբ ուղղի ավանդների վերադարձմանը, միեւնույն է` չի հերիքի: Բազմաթիվ երկրներում ընդհանրապես որոշել են չվերադարձնել այդ գումարները, իսկ մենք գոնե ինչ-որ բան փորձում ենք»,- ասել է Սարգսյանը:

Այդ կապակցությամբ նա նշել է նախագահի այլ թեկնածուների հայտարարությունները, թե խոստանում են համապատասխան պարտատոմսեր թողարկել:

Սարգսյանի խոսքով, երկու հարց է ծագում, ինչու այդ մարդը կյանքի չի կոչել գաղափարը, երբ ուներ նման հնարավորություն, եւ ի՞նչ անել այդ պարտատոմսերի հետ: