Զինվորի կյանքի թելը չպետք է կտրվի սահմանին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընտրողների առջեւ: «Մենք պետք է այնպես անենք, որ հակառակորդի գնդակը չխոցի մեր զինվորներին` մեր երեխաներին, ովքեր պահում են մեր սահմանը»,- ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա հասարակության գլխավոր պարտականություններից է այնպես անել, որ զինվորները չզոհվեն ոչ սահմանին, ոչ խաղաղ պայմաններում:

«Դուք` Մովսեսի, Բերդի, Չինարիի բնակիչներդ, պահում եք սահմանը, շարունակում ապրել այստեղ` չնայած բոլոր դժվարություններին, որ կրում եք: Եւ ձեզ աջակցություն, այլ ոչ ողորմություն է հարկավոր: Տավուշցիները հպարտ եւ քաջ մարդիկ են, ձեզնով է ամուր մեր սահմանը»,- ասել է Հովհաննիսյանը:

«Մի քանի ամիս առաջ ես, որպես ձեզնից մեկը, եղել եմ Բաքվում, որ պահեմ Տավուշի պատիվը, հայի պատիվը: Լինեն Բաքուն, թե Անկարան, Մոսկվան, թե Վաշինգթոնը, առաջին հերթին մենք պետք է հարգենք ինքներս մեզ: Հայը պետք է տեր զգա իր երկրում: Եւ այնժամ կարող ենք վերականգնել արդյունաբերությունը, զենք արտադրել, որով արժանի հակահարված կտանք թշնամուն»,- նշել է նա: