Մենք գործող, 126-ամյա մայր կուսակցություն ենք, եւ բնականաբար, չենք կարող ձուլվել ոչ մի կուսակցության մեջ, անգամ` Հայ ազգային կոնգրեսի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նշեց, որ միանշանակ ողջունում են նոր կուսակցության մուտքը, կգտնեն համագործակցության տարբերակ եւ կփորձեն համագործակցել ընդհանուր նպատակների եւ հռչակագրի շուրջ, որը մինչեւ հիմա փորձել են իրականություն դարձնել եւ մինչեւ հիմա այդքան էլ չի ստացվել:
«Պիտի շարունակենք այդ պայքարը եւ գտնենք համագործակցության ձեւաչափ»,- ասաց նա: Պատգամավորը նշեց, որ համագործակցության վերաբերյալ դեռ քննարկումներ չեն եղել, բայց կլինեն եւ կորոշեն այն ձեւաչափը, որի շրջանակններում կարող են համագործակցել իրենց նպատակների շուրջ: Նա դաշինքի անունն (ՀԱԿ) օգտագործելու հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում: Լյուդմիլա Սարգսյանի խոսքով` «ոչ մեկը չի կարող ոչ մեկին արգելել կուսակցություն ստեղծել այդ անվան տակ, քանի դեռ պետռեգիստրում այդ անվամբ կուսակցություն չկա գրանցված»:
ՍԴՀԿ ատենապետն ասաց, որ միանշանակ մնալու է Հայ ազգային կոնգրես դաշինքի կազմում: Հարցին, թե կուսակցության ստեղծումով դաշինքը չի՞ թուլանա, նա պատասխանեց. «Եթե դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները խոչընդոտներ չստեղծեն, կլինի եւ դաշինքը, եւ կուսակցությունը, եւ համագործակցաբար ու ավելի որոշումների ընդունման մեջ հստակություն մտցնելով, կարող ենք շատ ավելի մեծ թափով առաջ գնալ»,- ասաց նա:
Նշենք, որ 28 անհատներ դիմել են Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցություն ստեղծելու մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: ասել էր, թե 2008թ օգոստոսի 1-ի հայտնի հանրահավաքում ստորագրվել է հռչակագիր Հայ ազգային կոնգրես անվանումով, անվան հեղինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, բայց դրա տակ ստորագրել են 18 քաղաքական միավորներ եւ նախաձեռնություններ: «Անվանումը վերցրել են, մեր տեսակետը չեն հարցրել, դա, մեղմ ասած, ոչ ազնիվ քայլ է»,- ասել է նա:





























