Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 9-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկի` Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանին:
Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ առանձնազրույցից հետո Ս.Օհանյանը Ֆրանսիայի ԱԳՆ, ՊՆ, գիտնականների, լրագրողների եւ զինվորականների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասում ՀՀ պաշտպանական քաղաքականության սկզբունքները, առաջնահերթությունները, անվտանգության միջավայրի ազդեցությունը, միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները եւ ՀՀ ՊՆ դիքորոշումը տարածաշրջանի տարբեր գործընթացների վերաբերյալ, պատասխանել է ներկաների հարցերին:
Նույն օրը հայկական պատվիրակությունը մեկնել է Մուրմելոնի ռազմական վարժանքի կենտրոն, հանդիպել է կենտրոնի ղեկավարության եւ ավագ հրահանգիչների հետ:
Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, երկկողմ համագործակցության ծրագրերը եւ դրանց զարգացման հեռանկարները:




























