Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը նամակներ է հղել Հայաստանի գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին, որոնցում նշվում են կալանքի տակ գտնվողների իրավունքների խախտումները:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հղված նամակում, մասնավորապես ասվում է, որ փետրվարի 5-ին ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները այցելել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր:
Կատարած այցելության ընթացքում ՁՊՎ-ում պահվող անձանց բուժզննության եւ բուժօգնության թիվ 4 մատյանի ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված անձանց ՁԱՊՎ ընդունելիս նրանց մարմնի տարբեր հատվածներում առկա են եղել կարմրակապտավուն հետքեր, այտուցներ, ինչպես նաեւ քերծվածքներ բաց վերքի տեսքով:
Իսկ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին հղած նամակում Արմեն Հարությունյանը նշել է, որ կալանավորներին ՁՊՎ են տեղափոխել ոստիկանության տարբեր բաժիններում մեկ օր եւ ավելի պահելուց հետո:
«Նկատի ունենալով, որ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարբեր բաժիններում, համապատասխան ցուցում ստանալուց հետո, կրկին տեղի են ունեցել նույն իրավախախտման դեպքերը եւ դրանք կրում են զանգվածային բնույթ, խնդրում եմ ներկայացնել Ձեր պարզաբանումները խնդրի կապակցությամբ, ինչպես նաեւ հանձնարարել անցկացնել ծառայողական քննություն եւ միջոցներ ձեռնարկել իրավախախտ պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է Արմեն Հարությունյանի նամակում:



























