Թբիլիսիում խոզի գրիպից  42-ամյա կին է մահացել: Այն, որ Գուդուշաուրի հիվանդանոցում կնոջ մահվան պատճառը խոզի գրիպն է եղել, հաղորդել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության Ազգային կենտրոնի վարակային հիվանդությունների դեպարտամենտի ղեկավար Խատունա Զախաշվիլին:

Նրա խոսքով` կինը մահացել է հիվանդանոցում 10-օրյա բուժումներից հետո: Այն, որ մահվան պատճառը խոզի գրիպն է` հաստատվել է լաբորատորիայում: Մահացածի հարազատները կարող են վարակված լինել այդ վիրուսով, ուստի պետք է դիմեն բժշկի` բուժման համար, այլ ոչ թե լաբորատորիա` հիվանդությունը հաստատելու համար, ասել է Զախաշվիլին, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Նա հաղորդել է, որ գրիպի ժամանակաշրջանում լաբորատոր կերպով հաստատվել է  72 դեպք, որից հինգը  В տեսակի վիրուս են եղել, իսկ մնացածները` խոզի գրիպ: Լաբորատոր հաստատված դեպքերից երեքը մահով են ավարտվել: Զախաշվիլին նշել է, որ խոզի գրիպով վարակումների դեպքերը կարող են աճել, թեկուզ գրիպի շրջանն անկում է ապրում. այն սովորաբար տեւում է  5-8 շաբաթից ոչ ավել: