Հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի արյան եւ մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է որոշակի շեղումներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:
Նրա արյան եւ մեզի լաբորատոր քննությունների պատասխանները ստանալուց հետո ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը երեկ երեկոյան պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ երկրորդ անգամ այցելել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին Մտահոգված լինելով Անդրիաս Ղուկասյանի նույն օրն առավոտյան վերցված արյան եւ մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներով, կրկին նրան հորդորել են համաձայնել իր ընտրությամբ որեւէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։ ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչեւ ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պատախանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։ Երկարատեւ հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունը զուտ մասնագիտական դրդապատճառներ ունի։ Առողջապահության նախարարն ու նրա առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին անձամբ են տեղեկացրել, որ երկարատեւ հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել եւ զարգացնել, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնարին լինել։ Այդ իսկ պատճառով նախարարությունը ՀՀ նախագահի թեկնածուին առաջարկել էր կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ, սակայն թեկնածուն նշել էր, որ չի լքի հացադուլի վայրը եւ պատրաստ է տեղում անալիզներ հանձնել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























